Գերմանիայի դաշնային կառավարությունը հունիսի 6-ին կայանալիք նախարարական խորհրդի արդյունքում որոշում կկայացնի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում թողնելու կամ այնտեղից դուրս բերելու մասին:
Գերմանիայի կառավարությունը որոշում կկայացնի Ինջիրլիքում գերմանացի զինվորների ճակատագրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է գերմանական Deustche Welle-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Նա անընդունելի է համարել այն, որ պաշտոնական Անկարան շարունակում է արգելել գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիք և այդ մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին, երբ վերջինս հունիսի 5-ին այցելել էր Թուրքիա: Նախարարը հայտնել է, որ եթե իրենք ստիպված լինեն զինվորներին դուրս բերել Ինջիրլիքից ու տեղափոխել այլ ռազմաբազա, ապա «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում ցուցաբերվող աջակցությանը միառժամանակ դադար կտրվի: Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»: