Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը դուրս եկավ Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտին մոտեցող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
Մալխաս Ամոյանը հաղթեց ադրբեջանցի ու թուրք ըմբիշներին եւ դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 66 կգ քաշային կարգում Ամոյանը մեկնարկեց որակավորման փուլից եւ, հաղթելով մոլդովացի Վալենտին Պետիչին (9:0), ուկրաինացի Անդրի Պարցեին (8:0) եւ ադրբեջանցի Նամազ Ռուստամովին (5:1), դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժեղ գտնվեց թուրք Մուրատ Ֆիրատից՝ 3:3: Եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի իրանցի Ամին Կավիյանինեջադը:
Աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը՝ օգոստոսի 6-ին պայքարի մեջ են մտել Հայաստանի եւս 2 ըմբիշներ՝ Տիգրան Մինասյանը (55 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (120 կգ): Տիգրան Մինասյանը 3 հաղթանակ տանելուց հետո պարտություն է կրել կիսաեզրափակիչում եւ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Դավիթ Օվասապյանը մեկնարկել է 2 հաղթանակով, բայց քառորդ եզրափակիչում պարտվել է ռուս ըմբիշին եւ լքել պայքարը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում նախօրեին հանդես էին եկել նաեւ Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ) եւ Արման Բաղդասարյանը (74 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: