Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը oգոստոսի 8-ին Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա էին իրանական ԶԼՄ-երի մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ:
Թեհրանի Հայոց թեմի կողմից Իրանում լրագրողի օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելել են Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպել են համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ են ունեցել Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Վարդանը, ովքեր ներկայացրել են իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը: Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Արթուր Հակոբյանն ընթերցել է Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ դեսպան Արտաշես Թումանյանի շնորհավորական ուղերձը: Դեսպանի խոսքում, մասնավորապես, ասվում էր. «Թեհրանում ՀՀ դեսպանության գործունեության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում իրանական լրագրողական համայնքի հետ համագործակցությունը: Մենք այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ իրանական լրատվամիջոցների հետ ձևավորվել են սերտ գործընկերային հարաբերություններ: Դեսպանությունը գործնական քայլեր է իրականացնում հայ և իրանցի լրագրողների միջև առկա համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Մենք իրանցի գործընկերների հետ կիսում ենք այն ընդհանուր գաղափարը, որը պետք է ավելի ճանաչելի դարձնենք Հայաստանը Իրանի ժողովրդի համար, և հակառակը, ինչի կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քայլեր»: