Այսօր Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի և մայրաքաղաքի N 11 ավագ դպրոցի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 95-ամյակին:
Ստեփանակերտում կայացել է Վահագն Դավթյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, ով կարևորել է Վահագն Դավթյան ազգային բանաստեղծի տեղն ու դերը ոչ միայն խորհրդային, այլև անկախության շրջանի գրականության մեջ:
«Մեր միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ արժևորել մեծ բանաստեղծին՝ նրա գրական գործունեությունը հասու դարձնելով գալիք սերնդին »,-մասնավորապես նշել է Մ. Խաչատրյանը:
Միջոցառմանը որպես բանախոս հանդես է եկել Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արթուր Բաբայանը, ով անդրադարձել է Վ. Դավթյանի ստեղծագործության արդիականությանը և հատկապես ընդգծել, որ մեր օրերում այն հայրենասիրություն է սերմանում երիտասարդների շրջանում: Ա. Բաբայանի խոսքով՝ Վահագն Դավթյանը բացառիկ զգայուն բանաստեղծ է, ով իր ստեղծագործությունները կերտել է ինչպես քանդակագործ՝ իր մեջ ներառելով բոլոր գույները:
Գրական ցերեկույթի ընթացքում աշակերտները հանդես են եկել Վ. Դավթյանի ստեղծագործություններով: