Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական հարց , ուստի դժվար թե Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարողանան լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա:
Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսաի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր: «Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Դա քաղաքական հարց է, և ես չեմ կարծում, որ հոգևոր առաջնորդները կարող են փոփոխություններ մտցնել գործընթացում: Հոգևոր առաջնորդները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, բայց դա գործընթացի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- նշեց Իսկանդարյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպելու են սեպտեմբերին: Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ: