Սեպտեմբեր 2-ի խորհուրդը ամբողջությամբ ամփոփված է Արցախի Հանրապետության 26-ամյա կենսագրության մեջ՝ ձեռքբերումներով և բացթողումներով հանդերձ։
Դեռ նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ պիտի գրանցենք մեր պատմության ոսկե մատյանում. ԱԺ պատգամավոր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արսեն Առստամյանը:
«Իմ կարծիքով՝ անցած տարիների ամենամեծ ձեռքբերումը նորանկախ պետությանը պարտադրված պատերազմում տարած հաղթանակն է, և որպես դրա արգասիք՝ մարտունակ բանակի ստեղծումն ու կայացումը։ Իհարկե, չի կարելի անտեսել նաև պետականաշինության ճանապարհին արձանագրած ոչ պակաս կարևորություն ունեցող հաջողությունները, սոցիալ-տնտեսական ձեռքբերումները։ Բայց դրանք ածանցվում են վերը նշվածից։ Ձեռքբերումներն այլևս մերն են, դրանք մեզանից ոչ ոք չի կարող խլել: Բայց պետականաշինության գործում դեռ շատ երկար, գուցե նաև տատասկոտ ճանապարհ ունենք անցնելու։ Իսկ այդ ճանապարհն ինչպես երեկ, այնպես էլ այսօր և վաղը պատվով հաղթահարելու և հանգրվանին հասնելու համար անելիք ունի յուրաքանչյուրը. քրտնաջան ու անդուլ աշխատանքով մենք դեռ նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ պիտի գրանցենք մեր պատմության ոսկե մատյանում,- ասել է Ա. Առստամյանը և ավելացրել,- Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ համայն հայությանը՝ ցանկանում եմ, որ երբեք ոչ մի հայ չլքի հայրենիքը, մնա, կառուցի ու շենացնի բոլորիս երազած երկիրը՝ առաջնորդվելով չարենցյան բանաձևումով՝ «Մենք եկել ենք դարերից ու գնում ենք հաղթական դեպի դարերը նորից…»։