«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտի կենտրոնում սկսվել են արդի չափանիշներին համապատասխան մշակույթի կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները:
«Տաշիր» հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտում մշակույթի նոր կենտրոն է կառուցվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած 6-րդ գումարման ԱՀ Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի՝ օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ, ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
«ԱՀ նախագահի հանձնարարությամբ եղել եմ Մոսկվայում, հանդիպել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ. նրանք հանձն են առել այդ նույն տեղում իրականացնել մշակույթի կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը, որն արդեն մեկ շաբաթ է սկսված է»,- ասել է քաղաքաշինության նախարարը: Ըստ Կ. Շահրամանյանի, կառույցն իրենից ներկայացնելու է մի համալիր շենք, որտեղ տեղակայված է լինելու 630 տեղանոց համերգային դահլիճ: Մենք նախատեսում ենք այդ դահլիճը նաև օգտագործել թատերական ներկայացումների համար, քանի որ թատրոնի շենքը դեռևս վերանորոգված չէ:
Նախատեսվում է նաև հարյուր տեղանոց կինոթատրոն՝ ժամանակակից կուլիսներով, բեմահարդարման սենյակներով: Սիմպոզիումներ կազմակերպելու համար ևս կլինեն տարածքներ, համալիրում կգործի նաև սրճարան: Լինելու է բացօթյա կինոթատրոն, բետոնային ավտոկանգառներ: Նախատեսվում է նաև ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսվում է այն ավարտել 2-3 տարվա ընթացքում: