«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Հադրութի շրջանի Տումի գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն:
Տումի գյուղում շուտով շահագործման կհանձնվի նոր համայնքային կենտրոնի շենքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն ասել է, որ 2016 թվականի հունիսին սկսված շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են և նախատեսվում է շահագործման հանձնել նոյեմբերին:
«Համայնքային կենտրոնը լինելու է երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն, որն իր մեջ կներառի գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, բուժկետ և նախասրահ, իսկ սանհանգույցներում նախատեսվում է կատարել սանիտարական սարքավորումների տեղադրման աշխատանքներ»,- ասել է Վ. Ղազարյանը՝ հավելելով, որ շենքը կկահավորվի և կունենա ջեռուցման ու օդափոխության համակարգեր:
Անդրադառնալով ծրագրի կարևորությանը՝ Վ. Ղազարյանը նշել է, որ շնորհիվ Տումի գյուղի նոր համայնքային կենտրոնի՝ հանրային հիմնական հաստատությունները այլևս պարտադրված չեն լինի գործել իրենց համար ոչ հարմարավետ պայմաններում: