ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ ընթացիկ տարում Քաշաթաղի շրջանում իրականացվել են մի շարք ծրագրեր:
«Հայրենասեր»-ը հարթակ է, որի միջոցով հայը ծառայում է հայրենիքին. Ստեփան Սարգսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հայրենասեր» բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանն ասել է, որ ընթացիկ տարում ավարտվել է Մուշ գյուղում դպրոցի կառուցումը և Հակի դպրոցի վերակառուցումը, որն իրականացվել է Թուֆենկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ:
«Մոտ չորս ամիս տևած աշխատանքների արդյունքում դպրոցը հիմնովին վերանորոգվել է. կառուցվել է նոր տանիք, նորոգվել է հատակը, տեղադրվել են նոր պատուհաններ և դռներ, կառուցվել են սանհանգույցներ, ինչպես նաև կատարվել են ընդհանուր վերանորոգման աշխատանքներ»,- ասել է Ս. Սարգսյանը և ավելացրել, որ կատարված վերակառուցման ու վերանորոգման աշխատանքների շնորհիվ Հակի դպրոցը ավերակներից վերածվել է բարեկարգ, ապահով և լուսավոր կրթօջախի:
Ս. Սարգսյանի խոսքով՝ ընթացիկ տարում իրականացվել են նաև այլ աշխատանքներ, մասնավորապես՝ Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղում կազմակերպությունը սկսել է նոր բնակարանի կառուցումը. աշխատանքներն ավարտման փուլում են:
Մեր զրուցակիցը նշել է նաև, որ կազմակերպությունը շարունակական խորհրդակցության մեջ է շրջանի ղեկավարության և մյուս համապատասխան կառույցների հետ, և իրենց ծրագրերն ուղղված են Քաշաթաղի շրջանի զարգացմանը: