Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացրել երկրի Սահմանադրական դատարանի առջև:
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը Սահմանադրական դատարանի դիմաց արդարություն է պահանջել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է թուրքական Diken պարբերականը, հավաքվածներն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ արդեն մեկ տարի է դատարանը չի քննում կուսակցության պատգամավորների կալանավորման փաստով իրենց ներկայացրած դիմումը: Դատարանի դիմաց հավաքված անձանցից պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշն իր խոսքում նշել է, որ Սահմանադրական դատարանը չի կատարում իր առջև դրված պարտականությունները: «Այն, որ մենք այժմ տասնյակ պատգամավորներով կանգնած ենք Սահմանադրական դատարանի դիմաց, ապացույցն է նրա, որ Թուրքիայում օրենք չի մնացել»,- ասել է նա: Բեշթաշը հիշեցրել է, որ Սահմանադրական դատարանի պարտականությունն է վճիռներ կայացնել հակասահմանադրական որոշումների վերաբերյալ: 2016 թվականի նոյեմբերից կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 8 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: Կուսակցությունը պատգամավորների կալանքի օրինականության հարցով դիմել էին Սահմանադրական դատարան, սակայն այն մինչ օրս պատասխան չի տվել: