Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումը նոյեմբերի 5-ին հրապարակել է տվյալներ հայտնի ընկերությունների և աշխարհի տարբեր երկրների ներկա կամ նախկին ղեկավարների օֆշորային գործունեության վերաբերյալ:
Paradise Papers. Թուրքիայի վարչապետի որդիները հայտնվել են նոր օֆշորային սկանդալի կենտրոնում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Paradise Papers անվանումը ստացած նյութերը պարունակում են շուրջ 13,4 մլն փաստաթուղթ: Դրանցում տվյալներ կան շուրջ 120 քաղաքական գործիչների մասին, այդ թվում և Կանադայի վարչապետի Ջասթին Թրյուդոյի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի անդամների, Միացյալ Թագավորության Ելիզավետա թագուհու վերաբերյալ: Օֆշորային սկանդալում են ներգրավվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները: Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ: Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ: