Այսօր՝ նոյեմբերի 6-ին, Արցախի պետական համալսարանում ԱՄՆ Հայ իրավաբանական միության (Armenian Bar Association), Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Արցախի պետական համալսարանի միջև համագործակցության արդյունքում գործարկվել է իրավաբանական կլինիկան:
ԱրՊՀ-ում գործարկվել է իրավաբանական կլինիկա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կլինիկայում ընդգրկված են ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողները, ովքեր, փորձառու փաստաբանների վերահսկողության ներքո, Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցելու են անվճար իրավաբանական օգնություն:
Միջոցառմանը ներկա ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ իրավաբանական կլինիկան նպաստելու է նաև արդար դատաքննությանը:
«Մեր ուսանողների որակավորման բարձրացման տեսանկյունից այն կարևոր գործառույթ է իրականացնելու, ինչն իրացվելու է արդյունավետ ձևաչափի միջոցով՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ համագործակցության արդյունքում»,- ասել է Ռ. Մելիքյանը և ավելացրել, որ շատ կարևոր է, որպեսզի ուսանողների կարողություններն օգտագործվեն վերլուծական աշխատանքներ կատարելիս:
ՀՀ ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանը, ով ևս ներկա էր միջոցառմանը, կարևորելով կլինիկայի բացումն Արցախում, ասել է, որ այն իր հերթին կրթական հաստատության դեր է ստանձնելու: «Շնորհիվ կլինիկայի՝ ուսանողները տեսականը համադրելու են գործնականի հետ»,- նշել է Ս. Ղազինյանը:
Իսկ ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը նշել է, որ իրավաբանական կլինիկայի բացման շնորհիվ ուսանողներն ընդլայնելու են իրենց մասնագիտական հմտությունները:
«Համոզված եմ, որ իրավաբանական կլինիկայի գործունեության արդյունքում մենք կնպաստենք փաստաբանական ծառայությունների կայացմանն ու զարգացմանն Արցախում, և մեր կլինիկայի մասնակից ուսանողներն իրենց աշխատանքային գործունեությունը կշարունակեն փաստաբանական ծառայություններում»,- ասել է Մ. Մինասյանը և հավելել, որ իրավաբանական կլինիկան քաղաքացիների անվճար խորհրդատվությունները սկսել է հենց այսօրվանից:
Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձինք, ԱրՊՀ դասախոսներ, իրավաբանական բաժնի ուսանողներ և այլք: