Չեխիայի՝ վարչապետ Բոգուսլավ Սոբոտկայի գլխավորած կառավարությունը, որը գործում Էր 2014 թվականի հունվարից, նոյեմբերի 29-ին հայտարարել Է իր լիազորությունները վայր դնելու մասին, երկրի նախագահ Միլոշ Զեմանը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր կաբինետը կնշանակի դեկտեմբերի 13-ին:
Չեխիայի կառավարությունը վայր դրեց լիազորությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին, հայտնել Է կառավարության մամուլի ծառայության ղեկավար Մարտին Այրերը: «Նոյեմբերի 29-ի իրենց վերջին նիստում նախարարները, օրենսդրությանը համապատասխան, որը կառավարության պաշտոնաթողություն Է նախատեսում նոր կազմի խորհրդարանի առաջին նիստից հետո, քվեարկել են իրենց պաշտոնաթողության օգտին: Արդեն նոյեմբերի 29-ին՝ մինչեւ օրվա վերջը դրա վերաբերյալ փաստաթուղթը կհանձնվի Պրաժսկի գրադին (նախագահի նստավայր)»,-ասել Է Այրերը: Նոյեմբերի 28-ին նախագահի հետ կայացած հանդիպումից հետո խորհրդարանական ընտրություններում հաղթած ANO շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշը լրագրողներին հայտնել Է, որ հանրապետության ղեկավարը մտադիր Է իրեն վարչապետ նշանակել դեկտեմբերի 6-ին, իսկ դեկտեմբերի 13-ին պլանավորում Է հաստատել նոր կառավարության ամբողջ կազմը: Կանոնակարգի համաձայն, Սոբոտկան մինչեւ դեկտեմբերի 23-ը կատարելու Է վարչապետի պարտականությունները, այդ թվում՝ դեկտեմբերի 12-ին Փարիզում մասնակցելու Է կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: