Հայաստանում 2018 թվականին նախատեսվող սահմանադրական բարեփոխումները Ղարաբաղյան հակամարտության վրա որեւէ կերպ չեն անդրադառնա:
Սահմանադրական բարեփոխումները չեն անդրադառնա ԼՂ հակամարտության վրա. քաղաքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «2018 թվականին այդ գործընթացից հետո փոփոխություններ կլինեն, բայց հիմնականում ներքաղաքական կյանքում»,-ասաց նա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ հակամարտության կարգավորման բուռն գործընթացի հեռանկար չկա և չի էլ կարող լինել:«Հակամարտությունն այս պահին այն փուլում չի գտնվում, որ հնարավոր լինի ինչ-որ կտրուկ փոփոխություններ ակնկալել: Հաջորդ տարի էսկալացիան խոշոր հաշվով կշարունակվի, բայց լայնածավալ պատերազմ չեմ սպասում»,-հավելեց բանախոսը: Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը հաջորդ տարի եւս կշարունակի իր քաղաքականությունը եւ կանի այն, ինչ մինչ հիմա արել է` բանակցություններն ուղեկցելով պարբերական էսկալացիայով: