ՀՀ ազգային ժողովում դեկտեմբերի 19-ին մեկնարկել է ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի 17-րդ հանդիպումը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատում ԵՄ աջակցությունը միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա ԼՂ հակամարտության կարգավորմանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քննարկումների օրակարգում ընդգրկված են Եվրամիության հետ Հայաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ազդեցությունը քաղաքական ու տնտեսական բարեփոխումների գործընթացի վրա, արդյունաբերության, գյուղատնտեսության, Էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և այլ ոլորտներում համագործակցության նոր շրջանակը, ժողովրդավարությունն ու հիմնարար իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հաղորդագորթւայն մեջ նաև նշված է. «Նիստին ողջյունի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ով իր ելույթում, նոր շրջանակային համաձայնագրին զուգահեռ, մատնանշեց 2017թ. ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների կարևոր ձեռքբերումները, ինչպիսիք են՝ Գործընկերության առաջնայնությունների հաստատումը, «Ընդհանուր ավիացիոն գոտու» համաձայնագրի նախաստորագրումը, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու շուրջ բանակցությունների ավարտը և այլն։
Վերահաստատելով ՀՀ իշխանությունների հանձնառությունը՝ շարունակել երկրում ընթացող լայնածավալ բարեփոխումները՝ Կարեն Նազարյանը նաև կարևորեց Եվրախորհրդարանի ու նրա անդամների շարունակական աջակցությունն այս գործընթացում։
Տարածաշրջանային կայունության պահպանման համատեքստում փոխնախարար Նազարյանը բարձր գնահատեց այն հանգամանքը, որ ԵՄ-ն տարբեր մակարդակներով հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հակամարտության խաղաղ և միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա կարգավորմանն իր աջակցության մասին, այդ թվում նաև ս․թ. հուլիսի 5-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, ուր, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ի թիվս կարգավորման այլ սկզբունքների, զորակցություն է հայտնվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»:
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: