Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը թուրքական gazeteduvar.com.tr կայքին տված հարցազրույցում ամփոփել է 2017 թվականին Թուրքիայի կարևոր քաղաքական իրադարձությունները:
Այս տարի Թուրքիայում Սուրբ Ծնունդը դիմավորում ենք է՛լ ավելի փոքր թվով և է՛լ ավելի շատ անվտանգության աշխատակիցների ներկայությամբ. Սելինա Դողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դողանը նկատել է, որ որ անցած 2017 թվականը Թուրքիայում նշանավորվել է որպես ընդդիմության դեմ առավել ինտենսիվ ճնշումների, արդարադատության համակարգի՝ իշխանություններին ծառայեցված լինելու և մի շարք այլ անօրենությունների տարի։
Ըստ հայազգի պատգամավորի՝ գլխավոր քաղաքական իրադարձությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումն էր, որն իրականացվեց արտակարգ դրության պայմաններում և չնայած ընտրողների ուղիղ կեսի՝ դրան դեմ լինելուն, փոփոխությունների փաթեթն անցկացվեց:
«Թուրքիան մարդկային առումով կորցրեց իր արժեքները», - tert.am-ի փոխանցմամբ՝ համոզված է Դողանը:
Նա նաև շեշտել է, որ է՛լ ավելի լարված իրավիճակում են հայտնվել կրոնական փոքրամասնությունները, որոնց անվտանգության խնդիրն օր օրի առավել խրթին է դառնում, իսկ հայ ու մյուս քրիստոնյա համայնքների թիվը գնալով նվազում է:
«Այս տարի Սուրբ Ծնունդը դիմավորում ենք է՛լ ավելի փոքր թվով և անվտանգության աշխատակիցների է՛լ ավելի մեծ ներկայությամբ», - եզրփակել է հայազգի պատգամավորը: