Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն պատասխանել Մեջլիսի Ժողովրդահանրապետական կուսակցության հայազգի պատգամավոր Սելինա Դողանի հարցմանը, թե ինչու Ստամբուլում ընթացող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնին չի թույլատրվել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը:
Թուրքիայի իշխանությունները վիրավորել են փառատոնի լսարանին՝ «Եվա» ֆիլմի ցուցադրությունը արգելելով․ Սելինա Դողան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին հայտնեց պատգամավորը:
«Մենք այդքան շուտ մեր հարցումներին պատասխան չենք ստանում: Երբեմն, ընդհանրապես չենք ստանում»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով՝ ցանկացած արգելք, խտրականություն և ռասիզմ անընդունելի է արվեստում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանություններն արգելել էին հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլում անցկացվող կանանց «Ֆիլմմոր» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ըստ կինոմատոգրաֆիստների միության՝ որպես պատճառաբանություն բերվել էր մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները՝ կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ:
Սելինա Դողանը այդ առնչությամբ մեջլիսի ղեկավարությանն է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված գրավոր հարցում՝ հետաքրքրվելով ֆիլմի ցուցադրումն արգելելու պատճառների մասին:
Tert.am-ի հետ զրույցում ՝ հայազգի պատգամավորը նշեց, որ Թուրքիան նորից այս անգամ օգտագործում է ներկայիս հանգամանքերը՝ երկրի արտակարգ դրության մեջ մնալը:
«Ես հավատում եմ, որ իշխանությունները չեն էլ տեսել ֆիլմը: Փառատոնի կազմակերպիչներից տեղեկացել ենք, որ նրանք պրոպագանդա են տեսել ֆիլմում: Բայց ֆիլմն իր բնույթով պետք է ազատ լինի: Չափահաս մարդիկ պետք է ազատ լինեն: Բացի այդ, դեմոկրատական երկրներում տեղական իշխանությունները չպետք է որոշումներ կայացնեն արվեստի վերաբերյալ՝ երրորդ երկրի դիմումի համաձայն: Ամեն ինչ կարելի է քննարկել: Չպետք է ընտրվի արգելքի ճանապարհը»,- ասաց նա:
Սելինա Դողանի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունների արգելքը վիրավորանք է փառատոնի լսարանի համար: «Դա վիրավորանք է՝ ուղղված փառատոնի մասնակից «ինտելեկտուալ» մարդկանց: Փառատոնն ի վերջո յուրահատուկ էր համարվում»,- ասաց նա: