Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն Է ունեցել միջազգային առեւտրի եւ Թեհրանի հետ տնտեսական հարաբերությունների վրա:
Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն Է ունեցել միջազգային առեւտրի վրա. Մոգերինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունվարի 11-ին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով Իրանի եւ հանրակցության այն երեք երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունների արդյունքները, որոնք մտնում են իրանական միջուկային դոսիեի գծով ՄԱԿ-ի միջնորդների վեցյակի մեջ: Խոսքը վերաբերում Է Գերմանիային, Ֆրանսիային եւ Մեծ Բրիտանիային:
«ԳՀՀԾ-ի կատարման շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը դրական ազդեցություն Է ունեցել միջազգային առեւտրի եւ Իրանի հետ Եվրամիության տնտեսական հարաբերությունների վրա, ինչը, մասնավորապես, նպաստել Է իրանական ժողովրդի բարօրությանը»,-հայտարարել Է նա: Մոգերինին ընդգծել Է, որ ԵՄ-ն պնդելու Է «ԳՀՀԾ-ով նախատեսված պատժամիջոցների չեղարկման գործընթացի լիակատար ավարտումը համաձայնագրի բոլոր մասնակիցների կողմից»:
Նա նաեւ հայտարարել Է, որ Իրանի հետ միջուկային գործարքն աշխատում Է, եւ ԵՄ-ն շարունակելու Է պնդել դրա ամբողջական կատարումը բոլոր մասնակիցների կողմից: «Իրանի կողմից ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների ամբողջական կատարումը հաստատված Է ՄԱԳԱՏԷ-ի ինը հաշվետվություններում: Կազմակերպությունը հավաստել Է Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը: Այդ համաձայնագիրը թույլ Է տալիս հսկողություն ապահովել իրանական միջուկային ծրագրի նկատմամբ:
Ուստի ԵՄ-ն պնդում Է, որ բոլոր մասնակիցները շարունակեն կատարել իրենց հանձնառությունները»,-ասել Է Մոգերինին: Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային ծրագիրը եւ տարածաշրջանում նրա գործողությունները կապված չեն ԳՀՀԾ-ի կատարման հետ: «Մենք մտահոգություն ենք հայտնում Թեհրանի հրթիռային ծրագրի զարգացման եւ տարածաշրջանում նրա գործողությունների կապակցությամբ, սակայն ընդգծում ենք, որ դրանք պետք Է զատվեն միջազգային համաձայնագրի կատարումից»,-հայտարարել Է նա:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում Է այդ համաձայնագիրը եւ սպառնում Է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: