Հայաստանի խորհրդարանը սկսել է քննարկել Իրաքում ահաբեկչական կազմակերպությունների կողմից եզդիների նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարության նախագծի քննարկումները:
Հայաստանի խորհրդարանը քննարկում է եզդիների նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու հայտարարության նախագիծը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ հայտարարության նախագիծը նպատակ է հետապնդում խորհրդարանի մակարդակով դատապարտել եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը՝ դրանով կարևորելով նման ծանր հանցագործությունների համար մեղավորներին պատժելու, ինչպես նաև դրանք կանխարգելելու հարցը:
«Հաշվի առնելով, որ 2014թ. ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես ԻԼԻՊ-ի իրականացրած վայրագությունների հետևանքով զոհվեցին տասնյակ հազարավոր եզդիներ, նույնքան ժողովուրդ գերեվարվեց, իսկ 2000-ից ավելի եզդի դարձավ փախստական, կարևորելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները հարգելու գործում միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունները, ընդգծելով ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեմ պայքարելու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հանձնառությունը՝ ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Ռուստամ Մախմուդյանի և Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրվեց նախագիծ, որով Հայաստանի խորհրդարանը ճանաչելու և խստորեն դատապարտելու է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»,- նշեց Մախմուդյանը՝ շեշտելով, որ դրանով Հայաստանի խորհրդարանը միաժամանակ դատապարտելու է ահաբեկչության բոլոր դրսևորումները, ինչպես նաև եզդի ժողովրդի նկատմամբ թիրախավորված գործողոթյունները՝ պայմանավորված ազգային, քաղաքական կամ կրոնական գործոններով: Պատգամավորը շեշտեց, որ թվարկաված զարհուրելի գործողությունները տեղի են ունեցել 21-րդ դարում՝ ողջ միջազգային հանրության աչքի առջև: «Այդ զարհուրելի գործողությունները իրենց էությամբ շատ նման են եղել 1915-1923թթ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը: Նախագիծը ոչ միայն ճանաչում և խստորեն դատապարտում է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, այլ նաև կոչ է անում միջազգային հանրությանը միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել և պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց, ինչպես նաև գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու ուղղությամբ»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը : Նախագծում ընդգծելով Իրաքի Հանրապետության ինքնիշխանության դերը՝ Հայաստանի խորհրդարանն այս կապակցությամբ նաև իր համերաշխությունն է հայտնել Իրաքի պետությանը և ժողովրդին: