Հունվարի 15-ն աշխարհում նշվում է «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ծննդյան օր. այն ստեղծվել է 2001 թվականին Ջիմի Ուելսի և Լարի Սանգերի կողմից հենց այսօրը:
Այսօր աշխարհում նշվում է Վիքիպեդիայի օրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Վիքիպեդիան» ունի 285 լեզվական տարբերակ. հայերենը զբաղեցնում է 34-րդ հորիզոնականը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի վիքիակումբի համահիմնադիր և համակարգող Իրինա Սաֆարյանն ասել է, որ այսօր «Վիքիպեդիան» մեծ տարածում ունի ընթերցողների լայն շրջանակներում:
Մեր զրուցակցի խոսքով՝ հայերեն «Վիքիպեդիան» ստեղծվել է 2004 թվականին և ներկայումս ունի 237 հազար հոդված:
«Հայաստանում և Արցախում ունենք 11 վիքի ակումբ: 2015 թվականին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծվել է առաջին վիքի ակումբը, այնուհետև՝ Հադրութի շրջանի Տող գյուղում և Քարվաճառում: Երեք տարիների ընթացքում Արցախի վիքի ակումբների անդամները հասցրել են խմբագրել ավելի քան 1000 հոդված, որից 300-ից ավելին Արցախի մասին է»,-ասել է Ի. Սաֆարյանը և հավելել, որ իրենք մասնակցում են տարբեր վորքշոփերի, վիքիճամբարների, հանդիպումներ են ունենում պետական պաշտոնյաների, հայտնի մարդկանց հետ և քննարկում Վիքիպեդիային վերաբերող հարցեր՝ խթանելու համար նրա տարածումն Արցախւմ:
«Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանային նախագիծն Արցախում և Հայաստանում հովանավորում է շահույթ չհետապնդող «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպություն հիմնադրամը:
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն էլ, կարևորելով «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում ասել է, որ Վիքիպեդիայի նպատակն է գիտելիքը հասանելի դարձնել յուրաքանչյուրին։
«Շատ երկրներում «Վիքիպեդիան» կրթական գործիք է, որի օգնությամբ երեխաները ոչ միայն նոր գիտելիքներ են ձեռք բերում, այլև զարգացնում են իրենց թարգմանչական, խոսքի, մտքի ձևակերպման հմտությունները»,-ավելացրել է Ս. Մկրտչյանը: