ԱՄՆ ՊՆ-ն կշարունակի օգնություն ցուցաբերել և զենք մատակարարել Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ չնայած Աֆրինում նրանց դեմ ծավալված թուրքական գործողությանը։
Պենտագոնը կշարունակի զենք մատակարարել սիրիացի քրդերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեծ գնով Սիրիայի դեմոկրատական ուժերը շարունակում են ազատել աշխարհը ԴԱԻՇ-ից, որի գրոհայիններն օգտագործել են այնպիսի վայրերը, ինչպիսիք են Ռաքքան, Տաբկան և Մանբիջը, որպեսզի ծրագրեն, ֆինանսավորեն, հավաքագրեն ահաբեկիչների, ուղղորդեն, ոգեշնչեն նրանց և հարձակումներ անցկացնեն ողջ աշխարհում»,-«Իզվեստիա»-ին հայտնել են ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունում՝ ի պատասխան հարցի, թե ԱՄՆ-ը կզինի՞ քրդերին։
ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հավելել են, որ իրենք պարտավոր են և տրամադրված են աջակցելու Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի վերջնական պարտություն ապահովելու համար պայքարում։
Պենտագոնում թերթին պարզաբանել են, որ Աֆրինում Թուրքիայի գործողությունները հանդիսանում են միակողմանի և կապված չեն Սիրիայում կոալիցիայի գործողությունների հետ։