Այս տարվա առաջին կիսամյակում Խորհրդարանը կքննարկի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը, քանի որ բազմաթիվ հարցապնդումներ են լինում Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառակապակցություններն օգտագործելու մասին:
Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2018-ին. պարզաբանում է արդարադատության նախարարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն՝ անդրադառնալով 2018թ.-ին սպասվող օրենսդրական փոփոխություններին:
«Բոլոր նոր ընդունվող օրենքները պետք է պարունակեն Արցախի Հանրապետություն բառակապակցությունը: Սակայն նշեմ, որ մինչև 2017 թվականի փետրվար ամիսն ընդունած օրենքները կոչվում են ԼՂՀ օրենքներ: Դրանք՝ պետք է ավելի մանրամասնորեն որպես ուղեցույց, ամրագրված լինեն իրավական ակտերի մասին օրենքում»,- ընդգծել է Ա. Դանիելյանը:
Նախարարի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հավաքների ազատության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերը: