Եթե 13 տարի առաջ՝ մինչև «Ազատ Հայրենիք» կուսակցության ստեղծումը մեր ցանկությունն էր, ապա անցած տարիների ընթացքում մեր խնդիրն էր, որպեսզի ավելի լավ ապրի արցախցին:
Մեր խնդիրն է որպեսզի արցախցին ավելի լավ ապրի. Արթուր Թովմասյանն ամփոփել է կուսակցության 13-ամյա գործունեությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս խոսքերով զրույցը սկսեց «Ազատ Հայրենիք» կուսակցության հիմնադիր համանախագահ, ներկայումս «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱՀ կուսակցության հիմնադրման 13-րդ տարեդարձին՝ հավելելով, որ օրվա առթիվ շնորհավորում է կուսակցության բոլոր անդամներին, համակիրներին, ինչպես նաև ԱՀԿ պաշտոնաթերթ, կուսակցության տարեկից «Ակունք»-ի խմբագրակազմին և նրա բոլոր ընթերցողներին:
Խոսելով կուսակցության ստեղծման պատմության մասին՝ Ա. Թովմասյանը նշեց, որ 2005թ.-ին, երբ մի խումբ մարդկանց կողմից որոշվեց ստեղծել նոր կուսակցություն, հաշվի էին առնվել այն ժամանակվա քաղաքական ստեղծված իրողությունները: «Այդ ժամանակ քաղաքական դաշտը բևեռացված էր: Ի դեմս Արցախի ժողովրդավարական կուսակցության՝ կար ընդգծված իշխանական թև և ի դեմս Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի կառույցի՝ արմատական ընդդիմություն: Այսինքն կառուցողական ընդիմության համար դաշտն ազատ էր և մենք, հայտ ներկայացնելով, զբաղեցրինք հենց այդ տեղը, որը, պարզվեց, որ փոքր չէր: Քանի որ վեցամսյա կուսակցության համար լուրջ անցյալ չկար, բայց կային անհատներ ովքեր գիտակրթական, գործարար և հասարակական կյանքի այլ հատվածներում լուրջ հաջողություններ ունեին»,- հիշում է Ա. Թովմասյանը՝ նշելով իր, կուսակցության ներկայիս ղեկավար, հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախկին փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի և ԱրՊՀ նախկին ռեկտոր Արպատ Ավանեսյանի մասին, ովքեր սկզբնական շրջանում գլխավորել են նորաստեղծ կուսակցությունը:
Ա. Թովմասյանի խոսքով՝ ի սկզբանե կուսակցության ստեղծման նպատակն էր համախոհ մարդկանց միջոցով Արցախում ստեղծել սոցիալական արդարություն, խթանել միջին խավի ձևավորումը, Հայ առաքելական եկեղեցու դերի բարձրացումը, ազգային արժեքների և ավանդույթների պահպանումը: Սակայն Արցախում կայացած վերջին երեք խորհրդարանական ընտրություններում «Ազատ Հայրենիք»-ի արդյունքների անընդհատ բարելավումը Ա. Թովմասյանը պայմանավորում է ոչ թե ունեցած լավ ծրագրերով, այլ առաջին հերթին հասարակության մեջ մեծ հարգանք վայելող անհատներով:
«Գիտեք, անկեղծ պետք է լինենք: Մեր ծրագրային դրույթները կարող եմ երկար թվարկել, բայց կյանքը ցույց է տվել, որ մարդկանց համար ավելի կարևոր է անհատների դերակատարությունը: Մեր պարագայում հատկապես կցանկանայի ընդգծել կուսակցության առաջնորդի՝ Արայիկ Հարությունյանի անձնական դերակատարությունը: Ժողովրդի մեջ նրա ունեցած մեծ հեղինակությունը միշտ էլ իր բարերար ազդեցությունն է ունեցել կուսակցության առաջընթացի վրա: Նրա լավագույն մասնագիտական որակները քաղաքականության մեջ բոլորս տեսել ենք տասնամյա վարչապետության տարիներին: Այսօր էլ այդ գործունեությունը նա շարունակում է որպես պետական նախարար: Այդ ընթացքում մեծ է նաև նրա ավանդը կուսակցաշինության գործում: Սա իրողություն է, որը չենք կարող չնշել, թեև կուսակցության յուրաքանչյուր անդամ իր կարևոր լուման ունի կուսակցության կայացման և Արցախի քաղաքական դաշտում նրա ունեցած դերակատարության մեջ»,- ընդգծել է Թովմասյանը:
Անդրադառնալով կուսակցության անելիքներին՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավարը նշել է, որ ներկայումս զբաղված են նոր Սահմանադրությամբ ամրագրված նախագահական և կայուն ժողովրդավարական համակարգի ամրապնդման աշխատանքներով: «Ինչպես նախկինում, երբ վարչապետ էր Արայիկ Հարությունյանը, այնպես էլ այսօր, երբ գործադիր իշխանության ղեկավարն է հանրապետության նախագահը, հայտարարում ենք, որ պատասխանատվություն ենք կրում կառավարության գործունեության համար: Հեռանկարում վաղաժամ եմ համարում ինչ-որ ծրագրերի մասին խոսելը, քանի որ կարևոր որոշումները կախված կլինեն քաղաքական օրակարգից: Ըստ այդմ էլ մենք կբարձրաձայնենք մեր ծրագրերի մասին»,- ասել է Ա. Թովմասյանը:
Ամփոփելով խոսքը՝ մեր զրուցակիցն անդրադարձավ նաև հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներին: «Որպես առաջատար քաղաքական ուժ՝ չեմ կարող չխոսել նաև մեր հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերների մասին: Առաջինի դեպքում դա մեր տնտեսության զարգացումն է, շարքային քաղաքացու կյանքի որակի բարելավումը, բանակի մարտունակության բարձրացումը: Այս հարցերը անցած 13 տարիներին մշտապես գտնվել են «Ազատ Հայրենիք» կուսակցության օրակարգում, և մեր ուժերի ներածին չափով փորձել ենք հնարավորինս օգտակար լինել այս խնդիրների լուծմանը: Արտաքին մարտահրավերների հետ՝ կապված ես հիմնականում կառանձնացնեի Ադրբեջանի կողմից մշտապես սպասվող ռազմական ագրեսիան, որին միշտ պետք է պատրաստ լինենք: Այս առումով առանց հռետորաբանության պետք է ասեմ, որ մեր բանակը պատրաստ է հակառակորդի ցանկացած ոտնձգություն կանխելու և հնարավոր պատերազմի դեպքում ռազմական գործողությունները թշնամու տարածք տեղափոխելու: Իսկ մեր խնդիրն է մշտապես բանակի կողքին լինելը»,- խոսքը եզրափակել է Ա. Թովմասյանը: