Ասկերանի շրջանի Խաչմաչ և Կարմիր գյուղ համայնքների 6 ընտանիքներ Հարությունյան ընտանիքի կողմից հերթական անգամ ստացել են 1000-ական ԱՄՆ դոլլար՝ 2017թ.-ին երեխա ունենալու կապակցությամբ, իսկ այդ ընտանիքներից մեկը նորապսակ լինելու համար ևս 200 հազար դրամ է ստացել:
Հարությունյան ընտանիքը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների ընտանիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հարությունյան ընտանիքի ներկայացուցիչ Նորայր Հարությունյանը նախօրեին այցելել է Խաչմաչ և Կարմիր գյուղ համայնքներ և տեղերում ընտանիքներին հանձնել դրամական պարգևները:
«Ծրագիրը սկսել ենք 2007թ.-ին, մեր պապենական Խաչմաչ գյուղում, որի նպատակը գյուղը շեն պահելն է: Ի սկզբանե, գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար ընտանիքին տրամադրում էինք 500-ական ԱՄՆ դոլլար, իսկ յուրաքանչյուր ամուսնացող զույգի՝ 200 հազար ՀՀ դրամ: Երբ տեսանք, որ դրամական աջակցությունը, իսկապես, խթանում է գյուղի ժողովրդագրական աճը՝ 2013թ.-ին ծնունդների մասով հատկացվող գումարը կրկնապատկեցինք և այսօր մտածում ենք այդ գումարը կրկին ավելացնելու մասին»,- ասել է Ն. Հարությունյանը և ավելացրել, որ նախաձեռնության հեղինակը հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն է:
Ն. Հարությունյանի խոսքով՝ 2015թ.-ից ծնունդների խթանման ծրագրում ընդգրկել են նաև հարևան Կարմիր գյուղը և հույս ունեն, որ այն կնպաստի գյուղի աշխուժացմանը: Այս տարի, հետաքրքիր զուգադիպությամբ, երկու գյուղերին բաժին են ընկել երեքական ընտանիքներ:
Շնորհակալություն հայտնելով հերթական աջակցության համար՝ Խաչմաչի դպրոցի տնօրեն Սերոբ Մնացականյանը նշել է, որ մինչև ծրագրի մեկնարկը գյուղում ծնունդների լուրջ անկում է եղել, իսկ այսօր այն կրկին զարթոնք է ապրել: «Համեմատության համար ասեմ, որ ծրագիրը սկսելու առաջին հինգ տարիներին գյուղում ծնվել է 10 երեխա, իսկ 2013-2017թթ.-ին ունեցել ենք 23 ծնունդ: Եթե ավելի պատկերավոր ասեմ, 35 աշակերտ ունեցող գյուղում ունենք 30 նախադպրոցական երեխա»,- ասել է Ս. Մնացականյանը և ավելացրել, որ բացի ընտանիքներին տրվող աջակցությունից, Հարությունյան ընտանիքի կողմից ամեն տարի մեծ ֆինանսական աջակցություն է տրամադրվում գյուղի փողոցների սալապատման, անապահով ընտանիքների աջակցության և սոցիալ-կենցաղային այլ ծրագրեր իրականացնելու համար:
Ս. Մնացականյանի խոսքով՝ բացի Հարությունյան ընտանիքից, 2009թ.-ին ստեղծված «Խաչմաչ» բարեգործական հիմնադրամի միջոցով ծնունդների և ամուսնությունների խթանման ծրագրին նույնքան գումարով աջակցում է նաև արմատներով կրկին իրենց համագյուղացի, գործարար Սեյրան Կարապետյանը: Բացի դրանից, Ս. Կարապետյանն ակտիվ մասնակցում է նաև գյուղում իրականացվող ծրագրերին: «2009թ.-ից սկսած՝ ամեն տարի հովանավորների կողմից 5-7 մլն դրամ գումար է հատկացվում Խաչմաչի սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանը: Սա շատ կարևոր ծրագիր է, որը նպաստում է գյուղացու գյուղում մնալուն և այստեղ իր ապագան կառուցելուն»,- ընդգծել է Մնացականյանը և հավելել, որ վերջին տարիներին անգամ ներգաղթ են ունեցել:
Կարմիր գյուղի համայնքի ղեկավար Հովիկ Պետրոսյանը նշել է, որ 2015թ.-ից սկսած ծրագրից օգտվել է 12 ընտանիք:
«Թեև մինչև ծրագրի մեկնարկը ծնունդների խթանման համար գործում էր պետական աջակցություն, բայց, անկեղծ ասած, այն նոր թափ հաղորդեց ծնունդների աճին, քանի որ, օրինակ, 2014թ.-ին գյուղում ծնունդ չի արձանագրվել, իսկ վերջին երեք տարիների ընթացքում պատկերը բոլորովին փոխվել է»,- ասել է Հ. Պետրոսյանը: