Այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է Մեծ պահքը, որը տևելու է 40 օր՝ մինչև Ծաղկազարդի կիրակի:
Ինչպե՞ս հետևել Մեծ պահքին. հոգևոր խորհուրդներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանն ասել է, որ երեկ Բարեկենդանն էր, և այսօր 40-օրյա Մեծ պահքի շրջանի առաջին օրն է, որին հաջորդելու է ևս մեկշաբաթյա պահք՝ Չարչարանաց շաբաթը:
«Մեծ պահքի խորհուրդը մարդու հոգու փրկությունն է՝ պետք է մաքրվել, ազատվել մեղքերից, սխալներից: Այդ շրջանում պետք է մաքրել նաև մարմինը՝ զերծ մնալով կերակուրներից, առավել ևս՝ մսեղենից: Դրանք են, որ պարարտացնում են մարմինը, և մարդը, սնվելով մսեղեն կերակուրներով, ավելի հակված է շատ մեղքեր գործելու»,- նշել է Տեր Անդրեասը՝ ավելացնելով, որ եթե համեմատենք Արցախի թեմի կազմավորման սկզբնական շրջանն ու ներկայիս ժամանակահատվածը, ապա այսօր Մեծ պահքին հետևողները ավելացել են: Մեկ այլ հարց է՝ ինչքանով են հետևում դրան. միայն կերակրի մասով են պահում Մեծ Պահքը, թե՝ ամբողջական:
Տեր Անդրեասի խոսքով՝ Մեծ պահքն ընդգրկում է 7 կիրակի, որոնք արտացոլում են Աստվածաշնչյան հատուկ հիշատակելի իրադարձությունները՝ կյանք դրախտում (Բուն Բարեկենդան), արտաքսում, անառակ որդու վերադարձ, տնտեսի կիրակի, անիրավ դատավորի կիրակի, գալստյան և մուտք Երուսաղեմ (Ծաղկազարդ):
Նա նշել է նաև, որ Մեծ պահքին անմիջապես հաջորդում է Սուրբ Զատիկը, որն այս տարի նշվելու է ապրիլի մեկին: