Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի գրասենյակի նախաձեռնությամբ այսօր Մարտակերտում տեղի է ունեցել արցախյան պատերազմի ժամանակ անհայտ կորածների հիշատակին կառուցված հուշարձանի և պուրակի բացման արարողություն:
Մարտակերտում տեղի է ունեցել անհայտ կորածների հիշատակին կառուցված հուշարձանի և պուրակի բացման արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ hուշարձանի և պուրակի բացման պատիվը տրվել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին և մարտակերտցի անհայտ կորած ազատամարտիկի քույր Մարիետա Եդիգարովային:
Հոգևոր հովիվ տեր Մաթևոս քահանա Դրավանցու հանդիսապետությամբ տեղի է ունեցել հուշարձանի օծման արարողակարգ: Այնուհետև ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին:
Միջոցառմանն Արցախում ԿԽՄԿ-ի առաքելության ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչը, ողջունելով ներկաներին, իր խոսքում ասել է, որ հուշարձանը և պուրակը կառուցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ. այն հիշատակի տուրք է անհայտ կորածներին:
Նրա հավաստմամբ՝ իրենք գիտակցում են, որ անհայտ կորածների ընտանիքները կշարունակեն հուսալ և սպասել այնքան ժամանակ, քանի դեռ չեն պարզվել իրենց հարազատների ճակատագրերը:
ԿԽՄԿ-ն շարունակում է պատրաստակամ լինել բոլոր շահագրգիռ կողմերին՝ իրականացնելու իրենց կողմից ստանձնված պարտավորվածություններն անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հարցում:
ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը հանդես գալով ելույթով շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են հուշարձանի և պուրակի կառուցման աշխատանքներին:
Ելույթներով հանդես են եկել նաև անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:
Բացման արարողությանը ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, անհայտ կորածների հարազատներ, մարտակերտցիներ և այլք: