Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է մեղադրանքները, որոնք հնչել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի կողմից Վլադիմիր Պուտինի հասցեին:
Կրեմլն աններելի է անվանել «Սկրիպալի գործով» Պուտինի հասցեին մեղադրանքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բորիս Ջոնսոնը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը կարող էր անձամբ մասնակցություն ունենալ «Նովիչոկ» նյութը կիրառելու որոշմանը՝ Ռուսաստանի ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դեմ մահափորձի համար։
«Այդ կապակցությամբ մեր նախագահի մասին ցանկացած հիշատակում կամ ակնարկ ոչ այլ ինչ է, քան բարոյականության դիվանագիտական կանոնների աններելի խախտում»,- news.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պեսկովը։
«Մենք արդեն տարբեր մակարդակների վրա բազմիցս հայտնել ենք, որ Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի այդ պատմության հետ»,- շեշտել է նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլում նաև չեն համարում, որ Ռուսաստանի ու հարեւան արեւմտյան երկրների հարաբերությունների վատացումը կհանգեցնի նոր սառը պատերազմի։
«Դժվար թե այստեղ հարկ լինի գործածել նման ապոկալիպտիկ արտահայտություններ։ Վաղ թե ուշ բրիտանական կողմը ստիպված կլինի պատասխան տալ իր գործընկերներին ու ներկայացնել ողջամիտ ապացույցներ ու անցնել ապացուցողական մեղադրանքների ռեժիմի, ինչը մենք առայժմ չենք տեսնում»,- ասել է Պեսկովը։
Հետախուզության պետական վարչության նախկին գնդապետ, պետական դավաճանության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը մարտի 4-ին գտել էին անգիտակից վիճակում Սոլսբերիում։ Բրիտանական կառավարության տվյալներով, նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ նյութով։ Սկրիպալը ապաստան էր ստացել Բրիտանիայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին էին արտահանձնել տասը մարդու։
Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը առնչություն ունի ռուսական պետությունը։ Այս կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած չորեքշաբթի հայտարարել է ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին՝ այդ թվում 23 ռուս դիվանագետների արտաքսման ու բարձր մակարդակի վրա բոլոր երկկողմանի շփումները սառեցնելու մասին։ Ռուսաստանը կտրականպես հերքում է իր մասնակցությունը թունավորմանը, ՌԴ ԱԳՆ-ն հինգշաբթի հայտնել է, որ պատրաստվում է բրիտանական դիվանագետների արտաքսման պատասխան քայլին։