Երևանի Դինամո մարզադահլիճում կայացած Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների առաջնությանն արցախցի 5 մասնակիցներից 3-ը գրավել են մրցանակային տեղեր, այդ թվում՝ մեկը առաջին տեղ է գրավել:
Արցախցի պատանի բռնցքամարտիկները ՀՀ առաջնությունից վերադարձել են մեդալներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մարզիչ Նարեկ Աբրահամյանն ասել է, որ առաջնությանն ընդգրկված էին շուրջ 280 մասնակիցներ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից: Մարզչի խոսքով՝ 40 կգ քաշային կարգում առաջին տեղ է գրավել Մարտունու շրջանի Քերթ համայնքից 14-ամյա Մանվել Պետրոսյանը՝ հաղթելով 5 մարտում: Ասկերանի շրջանի Իվանյան համայնքից 14-ամյա Աշոտ Բեգլարյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է 4 մարտում՝ գրավելով 2-րդ մրցանակային տեղը, իսկ նրա եղբայրը՝ Գոռ Բեգլարյանը 5 մենամարտերից հաղթել է 3-ում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը:
«Առաջին մրցանակային տեղ գրաված Մանվել Պետրոսյանն ընդգրկվել է նաև Հայաստանի բռցքամարտի հավաքականի կազմում և առաջիկայում մասնակցելու է երկու առաջնության՝ Ծաղկաձորում և Արարատում: Իսկ սեպտեմբերին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու է Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- նշել է Ն. Աբրահամյանը: