Այն, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդում որպես պաշտոնական փաստաթուղթ շրջանառության մեջ է դրվել հայտարարության տեքստ, որում դատապարտվում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը, վկայում է, որ միջազգային հանրությունը, այնուամենայնիվ, մտահոգված է Ադրբեջանի սադրիչ գործողություններով:
Միջազգային հանրությունը մտահոգված է. Ա. Զաքարյանը՝ ՄԱԿ-ում Ադրբեջանին դատապարտող հայտարարության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունները մտահոգիչ են և, բնականաբար, դրան պետք է արձագանք տրվի»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ում շրջանառության մեջ է դրել հայտարարության տեքստ, որում ասվում է. «Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը՝ ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման , վստահության միջոցների իրականացման մասին, այլ գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»:
Ի պատասխան հարցի, թե հայտարարության քննարկման ժամանակ ի՞նչ դիրքորոշում, պահվածք, «մետություն» կարելի է ակնկալել անդամ երկրներից, Արտակ Զաքարյանն առաջարկեց առաջ չընկնել, սպասել իրադարձությունների զարգացմանը: