Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կառույցի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը հանդիպել է թումոցիների ծնողների հետ:
«Թումո» կենտրոնը նախատեսում է նոր ծրագրեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարի Լու Փափազյանը, ողջունելով ներկաներին, պատմել է կենտրոնի գործունեության մասին:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ են գործում Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում, որտեղ սովորում է 14 հազար երեխա:
Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է հաճախում շուրջ 1000 երեխա:
«Մեր նպատակն է «Թումո»-ի երեխաների ունեցած գիտելիքները խթանել ու զարգացնել: Կենտրոն հաճախելով՝ նրանք ստանում են ինքնուսուցում, մասնակցում աշխատարանների և դասընթացների, որոնք վարում են արտասահմանից հրավիրված մասնագետներ»,-նշել է «Թումո»-ի գործադիր տնօրենը և ընդգծել, որ ինքը հիացած է Ստեփանակերտի «Թումո» կենտրոն հաճախող երեխաների ընդունակություններով, մակարդակով և նպատակասլացությամբ: Մարի Լու Փափազյանն այնուհետև ներկայացրել է «Թումո Ստուդիաներ», «Թումո Լաբեր» և «Թումո Բանակ» 3 ծրագրեր:
Ըստ գործադիր տնօրենի՝ «Թումո Ստուդիաներ» ծրագրին կարող են մասնակցել 12-18 տարեկան պատանիները: Այս ծրագրի մասնակիցներն ապագայում կարող են դառնալ դիզայնի կայացած մասնագետներ և արհեստավորներ:
«Թումո Ստուդիաններ» աշխատարաններում ստեղծվում են նորարական աշխատանքներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորաձևությունը, զարդերի դիզայնը, խոհարարությունն ու արտադրական դիզայնը:
Իսկ «Թումո Լաբեր»-ը տեխնոլոգիական կրթության ծրագիր է, համալսարանական տարիքի ուսանողների և երիտասրադ մասնագետների համար, որը լրացնում է տեղական համալսարանների կրթական ծրագրերը՝ տրամադրելով նորարարական, նախագծերի վրա հիմնված կրթության հնարավորություններ ժամանակակից առաջատար ոլորտներում:
«Թումո Բանակ» ծրագիրը զինծառայողներին հնարավորություն է տալիս ծառայության ընթացքում զարգացնելու այնպիսի գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց մրցունակության բարձրացմանը թե՛ ծառայության ընթացքում, և թե՛ զորացրվելուց հետո:
Հանդիպման ընթացքում կենտրոն հաճախող երեխաների ծնողները հանդես են եկել հարցադրումներով և ստացել պարզաբանումներ:
Կենտրոն հաճախող ծնողների անունից Ասկերանի շրջանի Խանձք գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանն իր երախտագիտությունն է հայտնել Մարի Լու Փափազյանին իրենց երեխաներին կրթելու, զարգացնելու գործում մեծ ներդրում ունենալու համար և հույս հայտնել, որ «Թումո»-ն իր նոր ծրագրերով կարողանալու է այսօրվա սերնդին դարձնել էլ ավելի խելացի ու տեղեկացված:
Տեղեկացնենք նաև, որ 2019 թվականին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոններ են բացվելու նաև Մասիսում և Տավուշի մարզի Կողբ գյուղում: