Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջողություններ գրանցել ԱՄՆ-ում:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը շարունակում է հաջողություններ գրանցել ԱՄՆ-ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ հեծանվորդն իր թիմի` ամերիկյան «Velo Pasadena Racing»-ի կազմում մասնակցել է Կալիֆորնիայի Dana Point Grand Prix-ին և հաղթող դարձել:
Այս մասին Ստեփանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Dana Point Grand Prix-ն ԱՄՆ-ի օրացույցային թոփ-10 առաջնություններից մեկն էր: Իմ ամենամեծ նպատակն այն հաղթելն էր:
Այսպիսով, ներդրեցի ողջ ուժերս հաղթելու համար, ու հիմա այս հաղթանակը ձեզ եմ նվիրում»,- գրել է Ստեփանյանն ու լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք` Ստեփանյանն ամերիկյան «Velo Pasadena Racing»-ի կազմում վերջերս մասնակցել էր Կալիֆորնիայի հեծանվային մրցմանն ու կրիտերիում ձևում դարձել բրոնզե մեդալակիր:
Մինչ այդ նա հաջող էր հանդես եկել նաև «Ontario Race Series» մրցման ժամանակ ու 30 կմ կրիտերիում մրցաձևում եզրագիծը հատել էր առաջինը և ոսկե մեդալ նվաճել:
Հայ հեծանվորդը հաջող էր հանդես եկել նաև «Velo Pasadena Racing»-ի կազմում իր առաջին մեկնարկում: Սան Դիմասում կայացած մրցումներում նա հաղթող էր դարձել կրիտերիում ձևում:
Բացի այդ, հայ հեծանվորդը ևս 3 մեդալ էր նվաճել` 2 արծաթե և 1 բրոնզե: Որպես լավագույն սպրինտեր` Ստեփանյանն արժանացել է նաև կանաչ շապիկի: