ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է ԱՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Լեոնիդ Հարությունյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Ստեփանակերտում կայացել է ԱՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի հոբելյանական երեկոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լեոնիդ Հարությունյանն ասել է, որ իր 50 տարվա ստեղծագործական աշխատանքի ընթացքում ինքը բեմադրել է 104 պիես:
Նրա խոսքով՝ իր համար Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը ստեղծագործական այն մշակութային օջախն է, ուր բացահայտվել է իր տաղանդը և ունակությունները: «Ես այն կարծիքին եմ, որ ժամանակակից հանդիսատեսն այսօր էլ բուռն սեր ունի թատրոնի նկատմամբ։ Պարզապես պետք է բեմական նոր գործունեությամբ կարողանալ բավարարել Արցախի նրբաճաշակ հանդիսատեսին: Կարծում եմ՝ այսօր ժամանակը թատրոնի նկատմամբ նոր մոտեցումներ է պահանջում։ Արվեստը մշակութային այն պահուստն է, ինչը լցնում է հանդիսատեսի հոգևոր աշխարհը»,-մասնավորապես ասել է Լ. Հարությունյանը: Մեր զրուցակիցը նշել է նաև, որ ինքը ցանկություն ունի նոր ներկայացումներ բեմադրելու: Նրա բեմադրած հայտնի պիեսներից են «Ծառերը կանգնած են մահանում», «Վերջին ուսուցիչը», «Անմեղ մեղավորներ», «Գնա մեռիր, արի սիրեմ» և այլն:
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը շնորհավորել է Լ. Հարությունյանի ծննդյան 70 և գործունեության 50-ամյակները: Նա նշել է, որ թատրոնը մեծ դերակատարություն ունի հանդիսատեսի հոգևոր աշխարհի ձևավորման գործում. այդ առումով անուրանալի է Լ. Հարությունյանի տարիների վաստակը:
ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն էլ ասել է, որ դժվար գործ է բանաստեղծական ժանրի թատերականացումը, որը հաջողվել է արվեստագետ Լ. Հարությունյանին:
Միջոցառմանը՝ թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ծննդյան 70-ամյակի առթիվ Լ. Հարությունյանն ԱՀ գրողների միության և Շուշիի քաղաքապետարանի կողմից արժանացել է պատվոգրի և շնորհակալագրի:
Երեկոյի ընթացքում ելույթներով և շնորհավորական խոսքերով հանդես են եկել Լ. Հարությունյանի գործընկերները, իսկ Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի անդամները հանդես են եկել արվեստագետի բեմադրած ներկայացումներից հատվածներով: