Ավարտվել է այսօր՝ դեկտեմբերի 28-ին, տեղի ունեցած «Արցախի ազգային վիճակախաղ»-ի երկրորդ թողարկման խաղարկությունը:
Հայտնի են «Արցախի ազգային վիճակախաղ»-ի երկրորդ թողարկման արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մի քանի ժամ տևած խաղարկության արդյունքների վերաբերյալ, ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում ասաց «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Արզումանյանը, շրջանառության մեջ դրված 260 հազար տոմսերից ընդհանուր առմամբ իրացվել են 141.749-ը: «Այս տարի Սփյուռքում, Արցախում և Հայաստանում ապրող մեր հայրենակիցների կողմից տոմսերը իրացվել են գրեթե հավասարաչափ քանակով»,-ասաց Ա. Արզումանյանը՝ հավելելով, որ թեև տեխնիկական պատճառներով խաղարկության ընթացքը չի հեռարձակվել, բայց շահած բոլոր տոմսերի համարներն արդեն տեղադրվել են վիճակախաղի պաշտոնական կայքէջում, բացի դրանից այն տեսանկարահանվել է և առանց մոնտաժի օրվա ընթացքում նույնպես կտեղադրվի կայքէջում:
Խոսելով վիճկախաղում այս տարվա համար խաղարկված շահումների մասին՝ «Արցախի ազգային վիճակախաղ» ՓԲԸ տնօրենը նշեց, որ մրցանակային ֆոնդի շուրջ 350 մրցանակներից՝ 299-ը արցախյան արտադրության տարբեր չափսերի գորգեր էին, 50-ը` թթի փայտից սարքած 20 և 30 լիտրանոց տակառներ, որոնք լցված էին թթի օղիով և 15 մլն դրամ արժողությամբ բնակարան Ստեփանակերտում:
Վիճակախաղի արդյունքում ստացված ամբողջ հասույթն այս տարի ևս կուղղվի Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում վերաբնակիչների համար բնակարանների կառուցմանը:
Նշենք, որ 2013թ-ին մեկնարկած վիճակախաղի ընթացքում հավաքագրված ֆինանսական միջոցները ուղղվել են Իշխանաձորում 10 բնակարանների կառուցմանը: Ծրագրի շրջանակում նույն համայնքում նախատեսվում է կառուցել 37 առանձնատուն: