Դիլհամ Ասկերովը Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է:
Ասկերովը Ադրբեջանի քաղաքացի է, ոչ թե Ռուսաստանի Դաշնության. դատապաշտպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հարցադրմանը ի պատասխան, հաստատել է անցած տարվա հուլիսին Արցախում Ասկերովի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում վերջինիս դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը:
«Ինչպես գիտեք, Դիլհամ Ասկերովը անցած տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալվել և մի շարք հանցագործություններ կատարելու համար ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ԼՂՀ վերաքննիչ դատարանում։ Եվ քրեական գործի դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ասկերովը Ադրբեջանի հանրապետության քաղաքացի է»,- ասաց Է. Բեգլարյանը՝ հավելելով, որ դեռևս Ասկերովի ձերբակալման պահից ադրբեջանական մամուլը փորձեր է կատարել նրան Ռուսաստանի քաղաքացի ներկայացնելու, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա եզրափակիչ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր բարձրացրել` Ասկերովի` որպես ՌԴ քաղաքացու ճակատագրի վերաբերյալ, որին ի պատասխան Լավրովը նշել է, որ հարցը կքննարկվի հայկական կողմի հետ: