Նոր Ջուղայում մարտի 19-ին մեկնարկող իրանահայ 27-րդ գարնանային խաղերի բացման հանդիսությանը կմասնակցի նաև Իրանի Իսլամական Հարապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Նոր Ջուղայի գարնանային խաղերի բացմանը ներկա կլինի ԻԻՀ-ում ՀՀ դեսպանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ խաղերը կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը տեղեկացնում է,որ մեծարգո դեսպանի ներկայությունը մեծ պատիվ է համայնքի համար և շուք է հաղորդելու հանդիսւթյանն ու ոգևորելու խաղերին մասնակից մարզիկ-մարզուհիներին:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Նոր Ջուղայի Հ.Մ.Մ. «Արարատ» միության կենտրոնական վարչության կազմակերպությամբ մարտի 19-ին տեղի կունենա իրանահայ 27-րդ գարնանային խաղերի հանդիսավոր բացումը: Խաղերին մասնակցելու հայտ են ներկայացրել Թեհրանի, Թավրիզի, Ուրմիայի, Շահինշահրի և Նոր Ջուղայի շուրջ 250 մարզիկներ: Մրցումները կկայանան ֆուտբոլի, բասկետբոլի և այլ մարզաձևերում: Հատկանշանական է, որ նույն օրը երեկոյան խաղերի խորհրդանշական ջահը, արդեն որպես ձևավորված ավանդույթ, հատուկ արարողությամբ կվառեն Ս. Ամենափրկչյան վանքի մոտ վեր խոյացած ապրիլյան եղեռնի բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի անմար կրակով: