Չնայած բոլոր դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եւ կառավարությունը կարողացան կարճ ժամկետում ժողովրդավար եւ քաղաքացիական հասարակություն կառուցել։
Ղարաբաղի ժողովուրդը կարողացավ ժողովրդավար պետություն կառուցել. Բրեդ Շերման
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՅԻՍԻ 29, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հայտարարության մեջ, որը նա արել է Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդների կազմած զեկույցին ի պատասխան։
Կոնգրեսականի խոսքով՝ նա միշտ աջակցել է ժողովրդավար արժեքներին, եւ Արցախի ժողովուրդը Ղարաբաղի կառավարության ձեւավորման պահից իսկ ընդունել է ժողովրդավարական իդեալները։
Նա ընդգծել է, որ դիտորդները՝ ընտրական գործընթացի եւ մարդու իրավունքների ոլորտի ակադեմիկոսներ, գիտնականներ եւ փորձագետներ, հայտարարեցին, որ ընտրություններն անցել են միջազգային նորմերին համապատասխան եւ նշեցին դրանցում կանանց ակտիվ մասնակցությունը։ «Ես անհամբերությամբ սպասում եմ Արցախի աջակցության շարունակական ջանքերի գործադրմանն ու ԱՄՆ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը»,- հայտարարել է նա։