Այս ուսումնական տարվա 1255 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 803 դիմորդ, որը կազմում է շրջանավարտների ընդհանուր թվի 64 տոկոսը:
Վաղը կմեկնարկեն միասնական քննությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒՆԻՍԻ 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ ԿԳ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը՝ մանրամասնելով որ ըստ առարկանների ամենաշատ դիմորդներ հայտագրվել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայից՝ 528 հոգի, իսկ ամենաքիչ թվով հայտագրումներ են եղել ընդհանուր պատմություն առարկայից՝ 16 դիմորդ:
Նախորդ ուսումնական տարվա դիմորդների թվի հետ համեմատության համատեքստում, ԳԹԿ տնօրենը հիշեցրել է, որ անցյալ տարվա 1117 շրջանավարտից միասնական քննություններին հայտագրվել է 760 դիմորդ, որը կազմում էր շրջանավարտների ընդհանուր թվի 68 տոկոսը:
Հայտնի են նաև միասնական քննությունների անցկացման ժամանակացույցն ու քննակենտրոնները: Ինչպես հայտնել է ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանը, միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 2-ին՝ կենսաբանությունն և աշխարհագրություն առարկաներից, հունիսի 5-ին՝ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների քննությունը, հունիսի 9-ին՝ Ֆիզիկայից, հունիսի 12-ին՝ անգլերենից, հունիսի 16-ին՝ մաթեմատիկայից և հունիսի 19-ին՝ հայոց պատմություն, քիմիա առարկաներից։ Հունիսի 23-ին ռուսաց լեզվի քննությամբ էլ կավարտվեն միասնական քննությունները:
ԳԹԿ տնօրենի հաղորդմամբ՝ միասնական քննությունները կանցկացվեն 6 քննական կենտրոններում՝ Արցախի պետական բուհում, Գրիգոր Նարեկացի համալսարանում, Ստեփանակերտի N 1,2,7 և 11 դպրոցներում:
Մինչև մայիսի 25-ը, ըստ քննակենտրոնների և առարկանների բաշխվածության, բոլոր դիմորդներին կտրամադրվեն քննական անցաթղթեր: Յուրի Քարամյանը մտահոգություն է հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ չնայած մայիսի 5-ից հայտարարվել է բուհերի ընդունելության փաստաթղթերի ներկայացնելու գործընթացի մեկնարկը, սակայն մինչ այժմ դրա տեմպերը շատ դանդաղ է ընթանում: ԳԹԿ տնօրենն ընդգծել է, որ անհրաժեշտ է ժամանակին բուհեր հանձնել համապատասխան փաստաթղթերը՝ հետագայում հերթերից խուսափելու համար և հավելել, որ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է սահմանված մինչև մայիսի 30-ը ներառյալ: