Հայտնի են հունիսի 3-ի միասնական քննությունների արդյունքները` կենսաբանություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն առարկաներից:
Հայտնի են միասնական քննությունների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԼՂՀ կրթության գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը` մանրամասնելով, որ կենսաբանության քննությանը հայտագրված 87 դիմորդից մասնակցել է 80-ը, որոնցից 31 դիմորդ չի կարողացել հաղթահարել սահմանված նվազագույն շեմը` ստանալով 0-7,25 միավոր: Դիմորդներից 16-ը ստացել է 7,5-13,25 միավոր` «բավարար», 10-ը` 13,5-17,25 միավոր` «լավ», 23-ը 17,5-20 միավոր` «գերազանց»: Ընդ որում` 7 դիմորդ ստացել է ամենաբարձր` 20 միավոր:
ԳԹԿ տնօրենի մեկնաբանությամբ նման բարձր ցուցանիշներ նախորդ տարի չեն արձանագրվել` 17,5-20 միավոր ստացողների թիվն աճել է 17 տոկոսով:
Աշխարհագրություն առարկայի համար հայտագրված 23 դիմորդից քննությանը մասնակցել է 22-ը: Նրանցից 4-ը ստացել է 0-7,25 միավոր, 15 դիմորդ` 7,5-13,25 միավոր, 2 դիմորդ` 13,5-17,25 միավոր, 1 դիմորդ` 17,25 միավոր:
«Նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել է «անբավարարներ»-ի քանակը, աճել` «բավարար»-ը իսկ «լավ» և «գերազանց» միավորներ ստացողների տոկոսային հարաբերությունը նույնությամբ պահպանվել է »,- նշել էՅու. Քարամյանը:
Համաշխարհային պատմություն առարկայի քննությանը մասնակցած 11 դիմորդներից 3-ը ստացել է 0-7,25 միավոր, 3-ը` 7,5-13,25 միավոր, 1-ը 13,5-17,25 միավոր: Յու. Քարամյանի խոսքով դրական է այն , որ այս առարկայից 4 հոգի 17,5-20 միավոր են ստացել, որը նախորդ տարի չի արձանագրվել:
ԳԹԿ տնօրենի մեկնաբանությամբ ընդհանուր առմամբ միասնական քննությունների արդյունքներով նախորդ տարվա համեմատ դրական տեղաշարժ է արձանագրվել: