Արցախում այս ուսումնական տարվա 1085 շրջանավարտներից միասնական քննություններին հայտագրվել է 664 դիմորդ. այն կազմում է շրջանավարտների ընդհանուր թվի 61 տոկոսը:
Հայտնի են միասնական քննություններին հայտ ներկայացրած դիմորդների թիվը. ԳԹԿ տնօրեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը և նշել, որ անցած տարվա համեմատ հայտագրված դիմորդների տոկոսային հարաբերությունը գրեթե չի փոխվել:
«Փետրվարի 24-ին ավարտվել է բուհերի ընդունելության համար պետական ավարտական և միասնական քննությունների ուսումնական հաստատությունների շրջանավարտների հայտագրման առաջին փուլը. դրանց նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին դեռևս հունվարի 15-ից: Դիմորդները դեռևս մինչև մարտի 24-ը կարող են հայտագրերը ճշգրտել, փոփոխել և հաստատել: Ըստ առարկանների՝ ամենաշատ դիմորդներ հայտագրվել են հայոց լեզու և հայ գրականություն առարկայից՝ 425 հոգի, իսկ ամենաքիչը՝ աշխարհագրությունից՝ 17 և ընդհանուր պատմությունից՝ 5-ը»,- ասել է Յու. Քարամյանը և հավելել, որ դեռևս հայտնի չէ միասնական քննությունների անցկացման ժամանակացույցը:
ԳԹԿ տնօրենը նաև նշել է, որ այս տարի միասնական քննություններն անց են կացվելու 5 քննական կենտրոններում: