Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ:
Ադրբեջանում դատական գործ են հարուցել Ստերլիգովի դեմ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՀՈՒԼԻՍԻ 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության եւ գլխավոր դատախազության կողմից արված համատեղ հայտարարության մեջ: Ստերլիգովը «մեղադրվում» է Ադրբեջանի դեմ «բացահայտ կոչերի» եւ ադրբեջանական պետական սահմանը «ապօրինաբար» խախտելու մեջ:
Ռուսաստանցի հայտնի գործարար, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը եւ վաճառում է իր ունեցվածքը: Ինչպես ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտնել էր Ստելիգովի օգնական Պոլինա Սիրոտան, գործարարը 2015 թվականի հուլիսի 4-ին ընտանիքով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությանը, որ «առանց Բաքվի թույլտվության ԼՂ մեկնելու համար» Գերման Ստերլիգովը հայտնվել է ադրբեջանական տխրահռչակ «սեւ ցուցակում», գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովն ասել է, որ նա այդ քայլին գնացել է միանգամայն գիտակցված եւ հավելել. «Կարծում եմ, դա նրա համար միեւնույն է»:
Օրերս Մոսկվայից Շուշի վերադարձած գործարարը, որտեղ հաստատվել է նա եւ նրա ընտանիքը, մեկնաբանելով զրպարտության մեղադրանքով Ռուսատանում իր եւ փաստաբանի դեմ բացված քրեական գործով տեղեկատվությունը, հայտարարել է, որ ինքը «թքած ունի Ադրբեջանից եւ Իսրայելից սադրիչների ապարդյուն ճիգերի վրա, որոնք փորձում են օգտագործել իրավաբանական մեխանիզմներ եւ թույլ չտալ իրեն վերադառնալ ԼՂՀ»:
Ռուսատանում Ստերլիգովի դեմ մասնավոր բնույթի քրեական գործը հարուցվել է Իսրայելի բնակչուհի Միլանա Գորենշտեյնի կողմից՝ այն հիմնավորումով, որ, իբր, գործարարը «վիրավորել» է նրա անձը: Նա նաեւ Մոսկվայի փաստաբանների պալատին խնդրել է կարգավիճակից զրկել Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովին: