Զինված ուժերի զորամասերում հանդիսավորությամբ տրվեl է 2015 թվականի ամառային ուսումնական փուլի մեկնարկը:
Զորամասերում մեկնարկել է 2015 թվականի ամառային ուսումնական փուլը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
Ուսումնական փուլի մեկնարկի օրը կրկնակի տոնական ու նշանակալից էր 3-րդ բանակային զորամիավորման հրետանային զորամասերից մեկի անձնակազմի համար: Զորամասին հանձնվում էր մարտական դրոշ: Զինվորական փառքի, պատվի և արիության խորհրդանիշը՝ մարտական դրոշը հրամկազմին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Շնորհավորելով սպաներին և զինվորներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական դրոշը յուրաքանչյուր զինծառայողի համար հայրենիքին անմնացորդ ծառայելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը արիաբար պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցում է:
Նախարար Սեյրան Օհանյանը նաև հույս է հայտնել, որ նոր կիսամյակը՝ իբրև նախորդների շարունակություն, հաջողություններով լի կլինի և ԶՈւ ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն: Ըստ այդմ՝ լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:
Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև զորամասի հրամանատար Ռուբեն Գասպարյանը: Նա հավաստիացրել է, որ հավատարիմ մնալով զինվորական երդմանը և մարտական դրոշին՝ այսուհետ ևս արվելու է առավելագույնը՝ զորամասի մարտական պատրաստականությունն ու մարտունակության մակարդակը մշտապես բարձրացնելու համար:
Ելույթներով հանդես են եկել նաև Տավուշի մարզի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը, Վետերանների միության նախագահ Լևոն Վարանյանը և այլք:
Խորհրդանշական օրը հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Այստեղ էլ ուսումնական փուլի մեկնարկի օրը համընկել էր ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի կազմավորման տարեդարձի հետ: Տոնական օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին և խոսելով ռազմական ավիացիայի ներուժի մասին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակաշինության և ազգային բանակի մարտունակության բարձրացման համատեքստում կարևորել է ռազմական և քաղավիացիայի օդաչուների, օդային ճանապարհով ռազմական նշանակության բեռների փոխադրումներ իրականանցնող ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի դերակատարությունը:
Հանդիսավոր միտինգի ավարտին բեռների և սպառազինության տեղափոխման աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու, միջազգային տարբեր միջոցառումներին ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաև բանակաշինության գործում ունեցած նշանակալի ավանդի համար զինվորական և քաղավիացիայի մի շարք ծառայողներ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով խրախուսվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և դրամական պարգևներով: