2015թ-ի օգոստոսի 10-17-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասի Բայրոյթ քաղաքում տեղի է ունեցել «Առանց սահմաններ» միջազգային 3-րդ փառատոնը, որի շրջանակներում ներկայացվել է «Խաղաղություն» խորագիրը կրող կերպարվեստի գործնական աշխատանքների ցուցահանդեսը:
Հայ արվեստագետները մասնակցել են Գերմանիայի Բայրոյթ քաղաքում կայացած «Առանց սահմաններ» միջազգային փառատոնին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի ներկայացուցիչ Սոնա Հովսեփյանը: Փառատոնին կից տեղի ունեցած գիտաժողովի շրջանակներում մասնակիցները ներկայացրել են իրենց երկրի մշակույթն ու քաղաքական կյանքը: Հայաստանից գիտաժողովին մասնակցում էր «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը:
«Այս տարվա փառատոնը կրում էր «Խաղաղություն» խորագիրը, հիմնականում նկարիչները ստեղծագործում էին այդ թեմայով, իսկ Հայաստանը ներկայացնում էր նկարիչ Տիգրան Սահակյանը»,- հավելեց նա:
Նկարիչ Տիգրան Սահակյանի խոսքով` սա արդեն 3-րդ փառատոնն է, որին ինքը մասնակցում է: Իր աշխատանքներում Սահակյանը չի օգտվել նկարչական նյութերից, այլ օգտագործել է թեփ, շինարարական որոշ նյութեր և այլն:
Նկարիչը նաև նշեց, որ նկարներն արվում են ձեռքերով, դրանք հիմնականում ոչ առարկայական նկարչության դրսևորումներն են` հիմնաված ֆակտուրայի վրա:
«Պայմանավորվածություն կա, որ փառատոնի 3-րդ մասը լինելու է Իսլանդիայում: Ամեն անգամ նկարիչների հետ հանդիպելիս հետաքրքիր է, թե ինչ փոփոխություններ են անում նրանք, իսկ փոփոխությունները երևում են նրանց աշխատանքներում»,- հավելեց Սահակյանը:
Սոնա Հովսեփյանն էլ նշեց, որ փառատոնը հետաքրքիր է նրանով, որ տարբեր երկների արվեստագետների է հավաքում, ովքեր միասին ներկայացնում իրենց երկրների արվեստը: «Օրինակ, երբ փառատոնը նախորդ տարի Հայաստանում էր, տարբեր երկների մասնակիցները պատկերացում կազմեցին Հայսատանի արվեստի մասին: »,- ասաց Հովսեփյանը:
«Առանց սահմանների» փառատոնը մեկնարկել է 2013 թ.-ի, Գերմանիայի Բոնն քաղաքում, 2014 թ.ին փառատոնը կայացավ Հայաստանում և կրում էր «Ժամանակ և տարածություն» խորագիրը, իսկ 2015 թ.-ին կրկին տեղի ունեցավ Գերմանիայում՝ Բայրոյթ քաղաքում, այս անգամ «Խաղաղություն» խորագրով: