Ամերիկյան Keeping Up With Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը միլիոնավոր հեռուստադիտողների առջև անհավատալի է համարել Հայոց ցեղասպանության մեկդարյա ժխտումը:
Անհավատալի է, որ 100 տարի անց մարդիկ ժխտում են Ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Սեպտեմբերի 20-ին ռեալիթի շոուի` Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի անդամների հայաստանյան այցի մասին պատմող առաջին սերիան եզրափակվել է Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցելությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ նրանք ծաղիկներ են դրել զոհված 1.5 միլիոն հայերի հիշատակն անմահացնող անմար կրակի մոտ: «Անհավատալի է, որ 100 տարի անց էլ շատերը ժխտում են, որ Ցեղասպանությունը երբևէ եղել է»,- հեռուստաեթերում ասել է Քիմ Քարդաշյանը:
Քարդաշյանների` Հայաստան այցի մասին իրապատումը բաղկացած է 4 սերիայից: Առաջին սերիայում ներկայացված է նաև Քարդաշյանների դիմավորումը երկրպագուների կողմից, Քիմ և Քլոե Քարդաշյանների առաջին տպավորությունները: Հենց Երևան այցելության առաջին իսկ օրը Քիմը որոշեց անակնկալի բերել քրոջը և տեղեկացրեց նրան իր հղիության մասին:
Մեգերյան կարպետների գործարան այցելության ընթացքում Քլոեն հանդիպելով մի աղջկա, գնահատեց նրա գեղեցկությունն ու խնդրեց լուսանկարել, որպեսզի լուսանկարը ուղարկի եղբորը` ապացուցելու, թե ինչպիսի գեղեցկուհիներ են ապրում Հայաստանում:
Հաղորդման մեջ նաև անդրադարձ կատարվեց քույրերի այցելությանն իրենց նախնիների բնակավայր Գյումրի, որտեղ նրանք եղան իրենց նախնիների տանը: Քիմի ամուսինը` Քանյե Ուեսթն իր հերթն այցելեց ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն` ծանոթանալով տեղի երեխաների աշխատանքներին ու գործունեությանը: