Ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ հակամարտության գոտում գտնվող մշտադիտարկման մասնակիցները հնարավորություն չունեն առանց միջադեպերի համապատասխան հետաքննություն անցկացնելու պարզել մեղավորներին։
Ղարաբաղի խնդրի կարգավորման համար միջադեպերի հետաքննության մեխանիզմներ են պետք. Պոպով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։
Նրա խոսքով՝ հակամարտության կողմերը բազմիցս հայտարարել են հակամարտությունը կարգավորելու իրենց ձգտումների, հարցերը խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծելու մասին։ Սակայն վերջին ժամանակներս ակնհայտ է սահմանին եւ շփման գծում զինված հակամարտության ակտիվացումը՝ հրետանու, խոշոր տրամաչափի զինատեսակների, համազարկային կրակի հրթիռային սարքավորումների օգտագործմամբ։ Մեծացել է նաեւ զոհերի, այդ թվում՝ քաղաքացիական կորուստների թիվը։ Ընդ որում, հրադադարի ռեժիմի խախտման պատասխանատվությունը կողմերը ավանդաբար միմյանց վրա են բարդում։
«Սակայն ո՛չ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ո՛չ հակամարտության գոտում գտնվող մշտադիտարկման մասնակիցները հնարավորություն չունեն առանց միջադեպերի համապատասխան հետաքննություն անցկացնելու պարզել մեղավորներին»,- ասել է ռուսաստանցի համանախագահը։
«Ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2011թ. ՌԴ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել հետաքննել զինված միջադեպերը։ Այս կապակցությամբ մեր «եռյակը» դեսպան Ա. Կասպշիկի հետ միասին մշակել եւ նախագահներին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների նախագիծը։ 2012թ. Սոչիի եռակողմ գագթնաժողովում քննարկելուց հետո նախագահները համանախագահներին հանձնարարեցին շարունակել փաստաթղթի վրա տարվող աշխատանքը։ Մեխանիզմը հիմնականում մշակվել է ԵԱՀԿ ռազմական մասնագետների հետ եւ հանձնվել է կողմերին։ Ենթադրում եմ, որ դրա գործնական կիրառումը թույլ կտա պատասխանել Ձեր հարցին»,- նշել է միջնորդը՝ հավելելով, որ նման մեխանիզմի առկայությունը կստիպեր մեկ անգամ էլ մտածել նախքան հրադադարի ռեժիմը խախտելը։
«Եթե խոսենք վստահության ամրապնդման միջոցների մասին, ապա չպետք է սահմանափակվել միայն ռազմական ոլորտով։ Ժամանակին ռուսական կողմի ակտիվ միջնորդությամբ կողմերը համաձայնության էին եկել նպաստել մարդասիրական շփումների զարգացմանը։ Առաջնորդվել ենք նրանով, որ մտավորականության ներկայացուցիչների, գիտական եւ հասարակական շրջանակների միջեւ երկխոսության հաստատումը կարող է դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։ Չի կարելի ասել, որ կայացած հանդիպումների ժամանակ ամեն բան հաջողվել է. եղել եւ արդյունավետ քննարկումներ, եւ անհաջողություններ։ Ենթադրում եմ, որ շատ կարեւոր է խուսափել նման շփումները քաղաքականացնելուց, որպեսզի դա չվերածվի հաշիվները մաքրելու հարթակի»,- նշել է ռուս դիվանագետը։