Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել:
Արայիկ Հարությունյանը ուսանողության միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ ուսանողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Դուք, լինելով հասարակության շարժիչ ուժը և հայրենիքի լուսավոր ապագայի գրավականը, ձեզ վրա կրում եք նախորդ սերունդների պատգամներն ու ակնկալիքները: Կցանկանայի, որ ձեր ուսումնառության ընթացքում առաջնորդվեիք դրանցով և յուրաքանչյուրիդ անձնական զարգացման ու կայացման շարժառիթներով:
Մաղթում եմ, որ լավագույնս գնահատեք ժամանակի և գիտելիքի արժեքը՝ ոչ թե որպես տեղեկատվություն, այլև՝ կարողություն ինչ-որ բան ստեղծելու հայրենիքի և ինքներդ ձեզ համար: Այդ ճանապարհին բարձրագույն ուսումնական հաստատությունները կարևոր դերակատարում ունեն ուսանողներիդ համար, և կառավարությունը անում է հնարավորինս կրթական համակարգի որակի բարձրացման ուղղությամբ:Այնուամենայնիվ, պետք է գիտակցել, որ այսօր յուրաքանչյուր մարդու գլխավոր ուսուցիչն ինքն է: Ուստի, բոլորս ձեռք-ձեռքի պետք է կերտենք կրթական արդյունավետ համակարգ, զարգացած հասարակություն և հզոր պետություն:
Սիրելի՛ ուսանողներ,
Իմացե՛ք, որ բոլորը երանի են տալիս ձեզ՝ հատկապես ունեցած կարգավիճակի և տարիքի համար, ինչն արդեն մեծ առավելություն է: Ա՛րդ, ինքներդ ևս գնահատեք ձեր առավելություններն՝ օգտագործելով դրանք էլ ավելի լավ քաղաքացիներ և որակյալ մասնագետներ դառնալու, հետևաբար, զարգացած հայրենիք կերտելու նպատակով:
Թո՛ղ ավյունը, երիտասարդական ոգին և լուսավորի հանդեպ ձգտումն ընդմիշտ ուղեկից լինեն ձեզ:
Բարին ընդ բոլորիդ»: