Հայաստանում Ռուսաստանի ընկալումը չի վատացել:
Հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդները վնասում են Հայաստանի շահերին. փորձագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների առաջատար փորձագետ, քաղաքական գիտոիթյունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը:
Պատասխանելով Հայաստանի հասարակությունում ու լրատվամիջոցներում որոշ հակառուսական միտումների մասին հարցին՝ փորձագետը նկատեց, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ է ստանում Հայաստանի մասին: «Հարաբերությունների սկզբունքային վատացում չեմ նկատում: Այն փաստը, որ հայերի ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԵՏՄ-ին անդամակցելուն, հաստատում է իմ խոսքերը: Բայց ճիշտ է նաեւ այն, որ վերջին ժամանակներս Երեւանում՝ մանավանդ մամուլում, ակտիվ հակառուսական քարոզչություն է իրականացվում՝ ռուս- հայկական հարաբերությունները վարկաբեկելու նպատակով:
Բայց որպես կանոն դա անում ե ն այն մարդիկ, որոնք կապված են արեւմուտքից ֆինանսավորվող զանազան ՈԿԿ –երի հետ: Նրանք նման տեսակետներ են տարածում, ըստ էության տեղեկատվական պատերազմ են վարում՝ շահարկելով երկկողմանի հարաբերություններում զանազան բարդությունները »,- նշեց փորձագետը: Որպես օրինակ նա հիշեցրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր Գյումրիում ռուս զինվորի կողմից հայ ընտանիքի սպանությունից հետո:
«Բանն այն է, որ տեղեկատվական պատերազմ է ընթանում, այն առաջին հերթին Ռուսաստանի, նաեւ նրա դաշնակիցների դեմ է: Եթե Ռուսաստանի ու Հայաստանի կապը խզվի, Հայաստանը մենակ կմնա, ու թշնամիները արագ կխեղդեն նրան: Այնպես որ սա միայն Ռուսաստանի դեմ չէ: Սա հենց Հայաստանի դեմ է: Ո՛չ Լոնդոնը, ո՛չ Փարիզը, ո՛չ էլ Վաշինգթոնը չեն պաշտպանի նրան: Այդ մարդիկ, որոնք աշխատում են արեւմտյան փողերով, ըստ էության սեփական երկրին են վնասում: Սակայն ես չեմ կարծում, թե հայերը կտրվեն այդ սադրանքներին: Հայաստանում մայդան կազմակերպելու փորձերը պարբերաբար ձախողվում են: Ամենայն հավանականությամբ այդ մտահղացումից ոչինչ չի ստացվի: Այդուհանդերձ, պետք է շատ զգոն լինել: Հույս ունեմ, որ հայկական հայրենասիրական հասարակայնությունը նրանց արժանի պատասխան կտա»,- ամփոփեց Միխայիլ Ալեքսանդրովը: