Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած «Mentor Nestlé Nesquik Torun Cup-2016» միջազգային ավանդական գավաթի խաղարկությունից:
Հայ գեղասահորդների հաջող մրցելույթները Տորունի միջազգային ավանդական մրցաշարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մեր 2 մենասահորդները՝ Սլավիկ Հայրապետյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Սամվել Հայրապետյան) և Անաստասիա Գալուստյանը (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Գեորգի Գալուստյան), զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Լեհաստանի Տորուն քաղաքի «TorTor Ice Arena» մարզապալատում 2016 թվականի հունվարի 6-10-ն անցկացված մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհիներ և 7 երկրների 9 գեղասահորդներ:
Նշենք, որ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնեն նաև հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք Եվրոպայի 2016 թ. գեղասահքի մեծահասակների առաջնությունում: