Այսօր Արցախի Պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
ԱրՊՀ-ում հանդիսավորապես նշվել է Արցախյան շարժման 26-ամյակը
Այսօր Արցախի Պետական համալսարանի դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ՝ ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանի պատմական որոշման 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ի թղթակիցը, ԼՂՀ պետական Օրհներգի կատարումից հետո զեկույցով հանդես եկավ ԱրՊՀ ուսանողուհի Անի Անտոնյանը, ով ներկայացրեց 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը՝ ընդգծելով ԱրՊՀ-ի դերը խնդրի դրական հանգուցալուծման մեջ:
Ներկաներին ողջունեց և իր շնորհավորանքի խոսքն ասաց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը՝ նշելով, որ հայ սերունդը չպետք է մոռանա անցյալը և, ներկայով ապրելու հետ մեկտեղ, պատրաստ լինի դիմագրավելու մարտահրավերներին: «Անցած 26 տարիներին մենք ունեցանք շատ ձեռքբերումներ, մեզ հաջողվեց գրեթե ամբողջությամբ վերականգնել պատերազմի ավերածությունները: Այսօր մենք ունենք զարգացող տնտեսություն, հարմարավետ դպրոցներ և մանկապարտեզներ, բժշկական հիմնարկներ և հզոր բանակ»,-հավելեց ռեկտորը:
Արցախյան շարժման մասնակից, ԱրՊՀ դասախոս Գրիգորի Աֆանասյանը իր ելույթում շարժման լոզունգներից հատկապես կարևորեց «միացում» բառը՝ հավելելով, որ թեև ոչ պաշտոնապես, բայց այսօր փաստացի իրականացվել է մեր ժողովրդի երազանքը: Խոսելով շարժման կազմակերպվածությունից Գ.Աֆանասյանը զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայի վերջին դեպքերի հետ՝ նշեց, որ այդ նույն մարդասպանությունները կարող էին տեղի ունենալ նաև Արցախում, եթե չլիներ կազմակերպիչների խոհեմությունը: «Այդ դժվարին ժամանակներում, երբ ադրբեջանական ու խորհրդային հատուկ ծառայություններն ամեն կերպ փորձում էին սադրանքներ հրահրել, մեզ հաջողվեց խուսափել արյունահեղությունից, քանի որ մեր միտինգների ժամանակ մեկ զոհ անգամ չի եղել»,-ասաց Աֆանասյանը:
Ելույթներով հանդես եկան նաև 1988-ի շարժման մասնակից ԱրՊՀ դասախոսները, ովքեր, զուգահեռներ անցկացնելով անցյալի ու ներկայի միջև, կրկին վերարժևորեցին շարժման գաղափարները:
Այնուհետև ցուցադրվեց Արցախյան շարժման 20-ամյակին նվիրված Վարդգես Բաղրյանի ֆիլմը՝ «1988-ի արձագանքները» խորագրով:
«Ֆիլմը բոլոր իրադարձություններից մի պատառիկ է, հուսով եմ, որ ուսանողները ամբողջական պատկեր ստացան այն մասին, թե ինչ է կատարվել Արցախում 26 տարի առաջ»,- ֆիլմի ցուցադրությունից հետո ասաց Վ. Բաղրյանը և որպես նվերնր համալսարանին հանձնեց իր հեղինակային գրքերից ու ֆիլմերից:
Ցերեկույթի վերջում ԱրՊՀ ուսանողական վարչության նախագահ Հարութ Մնացականյանը ուսանողության և երիտասարդության անունից շնորհակալական խոսք ուղղեց 1988-ի Շարժման մասնակիցներին՝ հավաստիացնելով, որ, ի դեմս նոր սերնդի, հայրենիքը հուսալի ձեռքերում է:
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև արցախյան շարժման մասնակիցներ, դասախոսներ, ուսանողներ: