ԼՂՀ Ասկերանի շրջանի Ջրաղացներ համայնքի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մեղվաբուծությունը և անասնապահությունը:
Ջրաղացներ համայնքի դպրոցը վերանորոգման կարիք ունի. համայնքի ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը՝ նշելով, որ գյուղն ունի 131 բնակիչ:
«Ջրաղացներ համայնքում կա 80 խոշոր եղջերավոր անասուն և 45 մեղվաընտանիք: Բնակչությունը կատարել է 161 հա աշնանացան,-ասել է համայքի ղեկավարը և ավելացրել,- ունենք դպրոց, որը վերանորոգման կարիք ունի և որտեղ սովորում է 10 աշակերտ. տարեցտարի ավելանում է աշակերտների քանակը: Նախադպրոցական տարիքի (0-6 տարեկան) երեխաների թիվը 5 է: Ծնելիության աճի դրական միտում կա»:
Ա. Հայրապետովի խոսքով՝ գյուղում գործում են բուժկետ և ակումբ: Քաղաքի և գյուղի միջև կապն ապահովված է, սակայն դեռևս անմխիթար վիճակում են միջհամայնքային ճանապարհները: Գյուղն օգտվում է շուրջօրյա ջրամատակարարումից, գազաֆիկացված է, ունի ինտերնետ կապ: