Այսօր՝ փետրվարի 2-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ 2016թ. անդրանիկ նիստը, որը վարել է նախագահ Բակո Սահակյանը:
Կառավարության նիստում նախագահ Սահակյանը շինարարության պատասխանատուներին պահանջ է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով` նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին առնչվող 56 միջոցառում:
Կառավարությունը հաստատել է ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը` 8 մլրդ 960 մլն 728 հազար դրամ գումարով: Դրա զգալի մասը ուղղվելու է կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև` հանրապետության շրջաններում աղետից տուժած բնակելի շենքերի ու հասարակական օբյեկտների վերականգնման համար շինանյութերի տրամադրմանը, Ստեփանակերտում իրականացվող ընթացիկ նորոգումներին, ԼՂՀ ՊԲ զորամասերի զորանոցներում ջեռուցման համակարգերի բարելավմանը:
Կարևորելով կապիտալ շինարարության բնագավառը հանրապետության ընդհանուր զարգացման գործում՝ նախագահ Բակո Սահակյանը ներկաների ուշադրությունը սևեռել է ոլորտում առկա խնդիրներին: Նա պատասխանատուներից պահանջել է հետամուտ լինել աշխատանքները որակյալ և պահանջվող նորմերին համապատասխան իրականացնելու գործում: